Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի «Արագած» պարային համույթը վերջերս Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաքից վերադարձավ առաջի մրցանակով: Գյուղացիները վաղուց այդքան հպարտանալու առիթ չէին ունեցել, քանի որ այն գյուղի միակ պարային համույթի առաջին միջազգային մրցույթն էր, որը պսակվեց հաջողությամբ:
8 երկրներից Վրաստան ժամանած մոտ 60 պարային խմբերից, որտեղ 18-ը Վրաստան էին մեկնել Հայաստանից, «Արագած» պարային համույթը, բեմադրող, պարուսույց Հովհաննես Ջուլհակյանի «Քոչարի» բեմադրությամբ, արժանացավ մրցույթի ժյուրիի հավանությանն ու զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Խմբի սաները «Իրավունքին» փոխանցելով իրենց հույզերը նշեցին. «Անասելի հրաշք զգացում է արդարացնել անգամ չսպասված հույսերը: Երբ ապացուցում ենք, որ կարող ենք: Այո՛, հաղթեցի՛նք, ցույց տալով բոլորին, որ ամենեւին կարեւոր չէ, թե որքան ժամանակ է ինչ գոյություն ունի համույթը, թե որքան ժամանակում է բեմադրվել պարը, կարեւորն այն էր, որ մենք ցույց տվեցինք որակ, մեր Քոչարին ներկայացնելով փոքրիկ խմբով, բայց լիարժեք կատարումով: Հաղթեցի՛նք, գերազանցելով ավելի քան 60 խմբերի: Առաջին մրցույթը եւ առաջին հաղթանակը: Գիտենք` քչերն էին հավատում մեր հաղթանակին, եւ անգամ ինքներս վերջին պահին թերահավատորեն մոտեցանք այդ հարցին: Բայց, երբ մեզ պատեց հաղթական ոգին` հասկացանք, որ դա հենց անսպասելի է լինում: Հասկացանք, որ պետք չէ երբեք հույսը կորցնել, վատը մտածել, թերագնահատել ինքներս մեզ…»: |