Այսօր: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
21/04/2023
Նվիրված ու հետևողական աշխատանքի շնորհիվ․ Բերքառատի դպրոցի սերտ համագործակցությունը Ծաղկահովիտի հետ․

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքը հիմնադրվել է  1850 թվականին, Անիի շրջակա գյուղերից եկած բնակիչների կողմից: Նախկինում գյուղը անվանել են Աջիխալիլ, Խալիլ, Հաջի Խալիլ, իսկ 1946 թ. վերանվանվել է Ծաղկահովիտ:  

Հին բնակատեղիներից պահպանվել են Ծաղկահովիտ համայնքի հարավ-արևելյան հատվածում գտնվող /մ. թ. ա.3-րդ-1-ին դդ. «Կալաչի» ուրարտական քաղաքատեղին:  Այստեղ են գտնվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Թուխ Մանուկ» մատուռը 19-20 դդ., ինչպես նաև երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:  

Ներկայումս Ծաղկահովիտ խոշորացված համայնքը ղեկավարում է փորձառու և նվիրված /գյուղապետ/ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը:  

Մասնագիտությամբ տնտեսագետ է, 2002 թվականից մինչ այսօր վերընտրվել է Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում:

2017 թ. կայացած համայնքային ընտրություններում  միավորվեցին տասը գյուղեր՝ Ծաղկահովիտ, Նորաշեն, Հնաբերդ, Գեղադիր, Ծիլքար, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Լեռնապար և Գեղարոտ  /համայնքները/: Բնակչության կողմից Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Նորաին Հակոբյանը: 2022 թ. դեկտեմբերին համայնքի ազգաբնակչությունը նրան կրկին վերընտրեց համայնքի ղեկավարի պաշտոնում: Համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ առաջընթացներ են գրանցվում /տասը գյուղերում/ տարբեր բնագավառներում, այդ թվում նաև կրթության ոլորտում:

Հարցազրույց Բերքառատի դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանի հետ

Նախ՝ համառոտ ներկայացրեք Ձեր կենսագրությունը:

Ծնունդով` Սասունցի եմ, էությամբ` համառ և աշխատասեր, բնավորությամբ` նպատակասլաց իսկ ոգով` հայրենասեր…

Ես` Աննա Սամվելի Վարդանյանս ծնվել եմ Թալին քաղաքում, նախնական կրթությունս ստացել եմ Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Այնուհետև միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` 1998–ին, ընդունվել եմ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ: 2002թ-ին բանասերի և մանկավարժի որակավուրումն ստանալուց հետո` նույն թվականի սեպտեմբերի 1-ից Բերքառատի միջնակարգ դպրոցում աշխատել եմ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2016 թ․-ից մինչ օրս աշխատում եմ Բերքառատի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն: Սիրում եմ մանկավարժի աշխատանքն ու պատվաբեր կոչումը: Մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ եմ ղեկավարում և կազմակերպում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները: Առաջացած առկա խնդիրներին, ըստ առաջնահերթության, տալիս ենք նպատակային լուծումներ: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հաջողությունների կարևոր գրավականը գիտակ, համագործակցող, համերաշխ և միասնական մանկավարժական կոլեկտիվ ունենալն է:

– Տիկին Վարդանյան, երբ է հիմնադրվել դպրոցը:

Դպրոցը հիմնադրվել է դեռևս 1935թ-ին, շենքը տիպային է, նախատեսված է 250 աշակերտի համար:

– Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում կրթօջախում՝ /մասնակցություն՝ մարզային, հանրապետական/ գրական, հայրենասիրական, կրթամշակութային:

Դպրոցում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Դպրոցը մասնակցում է տարածքային, մարզային, հանրապետական թ′ե մշակութային, թ′ե սպորտային միջոցառումներին: Մեր դպրոցի սաները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են պահանջվող միջոցառումներին,այլև ցուցաբերում են բարձր արդյունքներ: /Ասմունքի մրցութ, սպորտլանդիա, նկարչություն, առարկայական և այլն/:

– Դպրոցի շրջանավարտների հետ կապեր կա՞ն:

Իհարկե,բոլոր առումներով կապը շրջանավարտների հետ միշտ կա: Նշեմ մեկ դեպք, որ դպրոցի շրջանավարտների նախաձեռնությամբ սովորողների մասնագիտական կողմնորոշմանը միտված շրջանակներում դպրոցի աշակերտները այցեր են կատարել Հայաստանի առաջատար բուհեր և ՏՀՏ կենտրոններ, որի ընթացքում էլ ունեցանք ռեալ և գերազանց արդյունքներ:

– Դպրոցը զորամասի հետ համագործակցո՞ւմ  է:

Այո, համագրծակցում է Մուղնու զորամասի հետ, որի արդյունքում էլ ուսումնական տարվա ընթացքում զինղեկի ղեկավարությամբ իրականացնում են ուսումնամարզական վարժանքներ:

– Ֆիզկուլտուրայի դասերը անցկացնելու համար ունե՞ք մարզադահլիճ, մարզահրապարակ, համապատասխան մարզական գույք:

Ուրախությամբ կարող եմ նշել, որ դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվել է 2020թ-ին` մարզպետարանի թույլտվությամբ և դպրոցի բյուջեի խնայողությունների հաշվին: Չնայած, որ ունենք հարմարավետ մարզադահլիճ, սակայն համապատասխան մարզագույք և մարզահրապարակ դպրոցը չունի:

 Լավագույն մանկավարժների, անուն ազգանունները /առարկաներ/:

Առարկայական ուսուցիչներին դժվարանում եմ մասնավորեցնել, որովհետև մեր դպրոցի ուսուցիչները բոլորն էլ ունեն համապատասխան մանկավարժական գիտելիքներ և կազմակերպչական կարողություններ: Դրա վառ ապացույցն այն է, որ մեր դպրոցի շրջանաավարտների 95-100 տոկոսը ընդուվում են բուհեր:

– Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:

Իհարկե, խնդիրները բազմազան են և առաջնային, սակայն կարևորում եմ դպրոցում նյութատեխնիկական բազայի հարստացումը և լաբարատորիաների վերազինումը, քանզի դրանց առկայության դեպքում ուսումնական գործընթացում կունենանք չափելի արդյունքներ:

-Դպրոցը վերանորոգման կարիք ու՞նի:

Նշեմ մի դիտարկում, որ դպրոցում ամեն տարի կատարվում են շինարարական աշխատանքներ, սակայն հաստատության բոլոր դասարաններում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ:

-Ո՞ր կառույցներն են աջակցում դպրոցի աշխատանքներին՝ գերատեսչություն, մարզպետարան,  համայնքապետարան, հիմնարկություն:

Իհարկե, բոլոր կառույցների հետ աշխատում եմ շարունակական կապ հաստատել: Փաստեմ, որ հաստատությանն առաջնահերթ աջակցում է լիազոր մարմինը և բարձրացված հարցերին տալիս է օբյեկտիվ լուծումներ, ինչի համար կրկին իմ երախտագիտությունն եմ հայտնում մարզպետարանի համապատասխան վարչությունների պատասխանատուներին: Նշեմ նաև, որ դպրոցը սերտորեն համագործակցում է համայնքապետարանի հետ, վերջինս հետևողականորոն լուծում է ծագած խնդիրները և ցուցաբերում համապատասխան օգնություն:

Համագործակցել եմ նաև ՄԱԿ-ի հետ, որի արդյունքում դպրոցն ունեցավ հիմնանորոգված սանհանգույց, կառուցվեցին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը:

– Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում անապահով ընտանիքների երեխաներին:

Դպրոցի բյուջեի հաշվից փոխանցվում է միայն անապահով երեխաների դասագրքերի վարձավճարները:

– Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

Կցանկանայի, որ դպրոցը և մանկավարժները մշտապես լինեն հոգածության և ուշադրության կենտրոնում, քանզի յուրաքանչյուր պետության կայացման կարևորագույն բաղադրիչը արդյունավետ ուսուցումն է, որի շնորհիվ մենք ունենալու ենք կայուն և հզոր պետականություն:

Անժխտելի  իրողություն է, որ դպրոցն է կյանք ճանապարհում համակողմանիորեն  կրթված ու դաստիարակված սերունդներին, մեր ապագան կերտողներին, արդեն իսկ կայացած  մարդ-անհատներին:

Այս խոսքերով էլ ավարտեցինք մեր զրույցը:

 

Միտք
https://mitk.am/2023/04/12/berqarattsaghkahovit/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner